31 հուլիսի 2021 - 15:57 AMT
Մարության․ Պատվիրված ավտոբուսները Երևան կհասնեն հոկտեմբերին

Երևանի քաղաքապետարանի պատվիրած 211 ավտոբուսը Երևան կհասնի նախատեսված ժամկետում՝ հոկտեմբերին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Ավտոբուսները Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից հանդիսավոր պայմաններում ուղևորվել են դեպի Շանհայի նավահանգիստ, որտեղից էլ նավով կմեկնեն դեպի Փոթի նավահանգիստ, այնտեղից էլ՝ Երևան»,-ասվում է գրառման մեջ։

Ճանապարհման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը:

Երևանում արդեն երթևեկում է 100 նոր կոմպակտ դասի ավտոբուս: Ըստ քաղաքապետի՝ դրանցով շահագործվող 9 երթուղիները նկատելիորեն թեթևացրել են քաղաքի տրանսպորտի խնդիրը, բացի այդ, հնարավորություն են տալիս հընթացս վերհանել և գույքագրել համակարգում եղած խնդիրները՝ տրանսպորտային ռեֆորմի հաջորդ փուլերում դրանք լուծելու համար: