19 մարտի 2009 - 14:31 AMT
Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի անհատական առաջնությունում միավորները կիսել է լեհ շախմատիստուհի Իվետա Ռայլիխի հետ
Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը կանանաց շրջանում Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին փուլում միավորները կիսել է մրցաշարի առաջատարներից մեկի` լեհ շախմատիստուհի Իվետա Ռայլիխի հետ: Վերջին փուլից առաջ Մկրտչյանը հավաքել է7,5 միավոր: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից հաղթանակ տարել է միայն Աննա Հայրապետյանը` առաջ անցնելով ռուս շախմատիստուհի Լարիսա Խրոպովայից: Նելլի Ագինյանը խաղաղ դաշինք է կնքել իր հայրենակից Սիրանուշ Անդրեասյանի հետ, իսկ Հայաստանի չեմպիոն Լիլիթ Գալոյանը ոչ ոքի է խաղացել վրացի շախմատիստուհի Նինո Խուրցիձեի հետ: Այդպիսով, 10 փուլից հետո Գալոյանն ունի 6 միավոր, Ագինյանն ու Անդրեասյանը հավաքել են 5,5-ական միավոր: Հայրապետյանն ունի 4,5 միավոր: Մրցաշարային աղյուսակը գլխավորել է ռուս շախմատիստ Եկատիրինա Կովալեւսկայան: Նա հավաքել է 8 միավոր:

Վերջին` 11-րդ փուլում, Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով կխաղա Ռուսաստանի ներկայացուցիչ Մարինա Ռոմանկոյի դեմ:

Մրցաշարի արդյունքներով, լավագույն արդյունք ցույց տված 14 մասնակից կստանա կանանց շրջանում շախմատի աշխարհի հաջորդ առաջնության ուղեգիր: Իսկ 70000 եվրո կազմող մրցանակային ֆոնդը կբաշխվի մրցաշարի առաջին 20 մասնակցի միջեւ, ընդ որում, հաղթողը կստանա 10000 եվրո, երկրորդ տեղը` 7500 եվրո, իսկ երրորդ տեղը` 6000 եվրո: