19 մարտի 2009 - 18:49 AMT
Մարտի 20-ին տեղի կունենա Արդշինինվեստբանկի «Եղեգնաձոր» մասնաճյուղի բացումը
Մարտի 20-ին տեղի կունենա Արդշինինվեստբանկի վերանորոգված եւ բարեկարգված «Եղեգնաձոր» մասնաճյուղի վերաբացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես հաղորդում է Արդշինինվեստբանկի մամլո ծառայությունը, նոր մասնաճյուղը հագեցված է ժամանակակից որակյալ տեխնիկայով եւ պատրաստ է իր հաճախորդներին մատուցել արագ եւ հուսալի բանկային ծառայություններ: «Եղեգնաձոր» մասնաճյուղը սպասարկում է մոտ 3000 հաճախորդներ, որոնց թվում են ինչպես պետական եւ մասնավոր կազմակերպություններ, այնպես էլ շարքային քաղաքացիներ:

Ինչպես նշում է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Վիրաբյանը. «Արդշինինվեստբանկի բոլոր մասնաճյուղերում` թե' մայրաքաղաքում, եւ թե' մարզերում, հավասար պայմաններ են ստեղծված մեր հաճախորդների համար: «Եղեգնաձոր» մասնաճյուղի բոլոր աշխատակիցներն ունեն համապատսախան մասնագիտական կրթություն եւ պատրաստ են օգնել Բանկի հաճախորդներին օգտվելու մեր հուսալի եւ որակյալ ծառայություններից: Կարծում եմ` հայաստանյան բանկային համակարգի փոքրաթիվ ներկայացուցիչներ կարող են հպարտանալ նմանատիպ ներկայացուցչական մասնաշենքով»:

«Եղեգնաձոր» մասնաճյուղի վերաբացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով Եղեգնաձոր կմեկնեն Բանկի խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանը, Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Վիրաբյանը, դեպարտամենտի տնօրեններ, ստորաբաժանման ղեկավարներ, պաշտոնական այլ անձինք: