19 մարտի 2009 - 19:45 AMT
Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար թեկնածուների «Ժառանգություն» կուսակցության ցուցակում երկրորդը կարող է լինել Լարիսա Ալավե
րդյանը
Երեւանի քաղաքապետի պաշտոնի թեկնածուների համատեղ ցուցակի վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ բանակցությունները դեռեւս չեն ավարտվել: Այդ բանակցություններից բացի «Ժառանգություն» կուսակցության ներսում լրացուցիչ գաղտնի բանակցություններ են ընթանում հաջորդ թեկնածուների որոշման համար:

«Արդեն հայտնի է, որ խորհրդարանի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը կգլխավորի մեր կուսակցության ցուցակը: Մենք բոլորս համաձայնության եկանք, քանի որ նա խոստումնալից գործիչ է, ունի փորձ եւ պոտենցիալ»,- հայտնել է խորհրդարանի պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Լարիսա Ալավերդյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում:

Այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ նրա թեկնածությունը հայտնվի ցուցակի երկրորդ հորիզոնականում, Լարիսա Ալավերդյանը պատասխանել է, որ չի կարող ժխտել որեւէ բան, եւ նման տարբերակը միանգամայն հնարավոր է, քանի որ բանակցությունները դեռեւս շարունակվում են: Նա ավելացրել է, որ ցուցակում ոչ միայն «Ժառանգություն» կուսակցության անդամներ, այլեւ անկուսակցական երիտասարդ կադրեր են լինելու, որոնք պատրաստ են քաղաքական գործընթացներին:

Ուրբաթ օրը երեկոյան կամ շաբաթ օրն առավոտյան պատրաստ կլինեն այդ քննարկումների վերջնական արդյունքները եւ վերջապես պատասխան կտրվի այն հարցին, թե արդյոք «ժառանգություն» կուսակցությունը առանձին ցուցակով կգնա ընտրությունների, թե կմիանա ՀԱԿ-ին:

Նախքան ՀԱԿ-ը կհայտարարեր Երեւանի քաղաքապետի պաշտոնում Լեւոն Տեր-Պետրոսյանին որպես թեկնածու առաջադրելու իր որոշման մասին, հավաստի տեղեկատվություն կար այն մասին, որ «Ժառանգություն» կուսակցությունը չի պատրաստվում Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին Հայ ազգային կոնգրեսի հետ գնալ, իսկ կուսակցության առանձին ցուցակը կգլխավորի Արմեն Մարտիրոսյանը: Մեր աղբյուրի տեղեկատվության համաձայն Լարիսա Ալավերդյանը հաջորդն է ցուցակում: