13 օգոստոսի 2021 - 16:26 AMT
ԱԳՆ․ Անհրաժեշտության դեպքում ՀՀ-ն անմիջապես կաջակցի Հունաստանին

ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ-ն պատրաստվում է օգնություն ցուցաբերել Հունաստանին՝ անտառային հրդեհների հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելու հարցում, ասել է, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ-ն անմիջապես աջակցության ձեռք կմեկնի եղբայրական հույն ժողովրդին, տեղեկացնում է Արմենպրեսը:

«Խորապես մտահոգված ենք բարեկամ Հունաստանում բռնկված անտառային հրդեհների պատճառով ստեղծված իրավիճակով և համերաշխություն ենք հայտնում եղբայրական հույն ժողովրդին այս դժվարին ժամանակներում:

Նշեմ, որ մենք կապ ենք հաստատել մեր հույն գործընկերների հետ և օգնություն առաջարկել։ Հունաստանն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանին՝ առաջարկած օգնության ու պատրաստակամության համար, և միաժամանակ տեղեկացրել, որ նկատի ունենալով, որ երկրում հրդեհների հետ կապված իրավիճակը ճգնաժամայինից անցել է համեմատաբար մեղմ փուլ, առայժմ հավելյալ օժանդակության անհրաժեշտություն չկա»,-ասվում է Հունանյանի պատասխանում։

Նա հավելել է, որ ՀՀ-ն կշարունակի ուշի ուշով հետևել իրավիճակին և անհրաժեշտության դեպքում անմիջապես աջակցության ձեռք կմեկնի եղբայրական հույն ժողովրդին։