16 օգոստոսի 2021 - 14:55 AMT
Ուրուգվայը որոշել է ՀՀ-ում դեսպանություն բացել

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն հայտարարել է, որ, արժևորելով առկա հարաբերությունները, Ուրուգվայը որոշել է Հայաստանում դեսպանություն բացել։

Նա ասել է, որ Ուրուգվայն իր անհանգստությունն է հայտնում միջազգային հանրությանը՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Կոնֆլիկտները պետք է լուծվեն առանց ուժի գործադրման, հակամարտությունները պետք է խաղաղ կարգավորվեն», - հայտարարել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը։

Ֆրանսիսկո Բուստիժոն նշել է, թե Ուրուգվայը կշարունակի իր քայլերը մի շարք ոլորտներում Հայաստանի հետ համագործակցելու և աշխատելու, որպեսզի լինեն երկկողմանի շահավետ կապեր։

ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն իր հերթին ասել է, որ Հայաստանում հիշում են, որ Ուրուգվայն առաջին պետությունն էր, որը 1965թ․ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ինչով վերահաստատեց համամարդկային արժեքների և մարդու հիմնարար իրավունքների ջատագովի իր համբավը:

«Հայաստանը մեծապես գնահատում է 2020-ի աշնանը Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի առնչությամբ Ուրուգվայի սկզբունքային դիրքորոշումը։ Ի թիվս այլոց, երկրի օրենսդիր մարմինը դատապարտել է ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավումը և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման և քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման դեպքերը»,-ասել է նա։