Օգոստոսի 18-ին տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության 2021-2026թթ. ծրագիրը՝ բաղկացած 6 բաժնից։ Այդ բաժիններն են՝ անվտանգություն և արտաքին քաղաքականություն, տնտեսություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք և արդարադատություն և ինստիտուցիոնալ զարգացում:
Որպես անվտանգության ապահովման գործոններ նշված են․ բանակի արդիականացումը, որը «սկսվել և մեծ ծավալով ընթանում է», ՀՀ ակտիվ և նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը, հայ-ռուսական ռազմավարական դաշինքը և ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը և նրա դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման գործում:
«Ծրագիրը և ծրագրային դրույթները ձևակերպել ենք այնպես, որպեսզի այն մաքսիմալ համարժեք լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերականգնման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացը լիարժեք վերականգնելու համանախագահների կոչին: Նախապայմաններ չենք առաջադրել»,-ասել է Փաշինյանը։
Ծրագրում, որպես անվտանգության ապահովման կարևորագույն գործոն, ընդգծվել է տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորումը և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը: «Տարածաշրջանի խաղաղության և կայունության համար էական ենք համարում թշնամության մթնոլորտի կառավարումը և հաղթահարումը մեր տարածաշրջանում: Եվ տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունն արձանագրում ենք որպես մեր երկարատև ռազմավարություն»,-ասել է Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության ծրագիրը:
Անվտանգության ապահովման հաջորդ ուղղությունն ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգի ձևավորումն է:
«Սահմանապահ ծառայության պատասխանատվության տարածքները կընդլայնվեն: Այս առումով՝ սահմանապահ զորքերը պիտի ընդլայնվեն, վերափոխվեն, բարեփոխվեն․․․ Առաջիկա տարում կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն»,-ասել է Փաշինյանը:
Փաշինյանը ներկայացրել է կոնկրետ տնտեսական պարտավորությունները կամ հանձնառությունները՝ մինչև 2026 թվականը կառավարության տնտեսական թիրախներն են.
- ՀՆԱ-ի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը՝ 7% (բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում՝ 9%),
- ֆորմալ հատվածի ոչ պետական ոլորտի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ֆոնդը հասցնել ՀՆԱ-ի 25%-ի
- 10%-ից ցածր գործազրկության մակարդակ ապահովել:
Սոցիալական ապահովության թիրախներն են.
-նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել, համապատասխանաբար` պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին,
- նվազագույն աշխատավարձը սահմանել 85,000 դրամ,
- վերացնել ծայրահեղ աղքատությունը:
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում մինչև 2026թ. կառավարությունը նախատեսում է ունենալ մոտ 35,000 զբաղված և ոլորտի շրջանառությունը հասցնել 500 մլրդ դրամի, որը կկազմի համախառն ներքին արդյունքի 6-7 %-ը: 2020թ. այս ցուցանիշը 4 % է: Այսպիսով՝ Հայաստանում առաջիկա 5 տարիների ընթացքում կստեղծվի բարձր տեխնոլոգիաների ոլորտի մոտ 16,000 աշխատատեղ:
Առաջիկա 5 տարում ծրագրով նախատեսվում է Հայաստանում կառուցել կամ նորոգել մոտ 500 մանկապարտեզ և 300 դպրոց: Նպատակ կա մինչև 2026թ. հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբարատորիաներ՝ էապես բարելավելով կրթության որակը:
Ըստ ծրագրի, նախատեսվում է նաև 3-րդ և հաջորդ երեխաների համար մինչև 6 տարեկանը, ամսական 50,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրել բոլոր ընտանիքներին:
Փաշինյանը նշել է, որ տրանսպորտի ոլորտում շատ կարևոր համաձայնություն է ձեռք բերվել Հարավկովկասյան երկաթուղու հետ, որի համաձայն մինչև 2024թ. ՀՀ երկաթուղու ոլորտում պետք է մոտ 39 մլրդ դրամի ներդրում կատարվի:
«Օդային տրանսպորտի ոլորտում նույնպես էական փոփոխություններ են տեղի ունենանում՝ Հայաստանում հիմնադրվում է 2, ըստ էության, տեղական հայկական ավիաընկերություն՝ իհարկե, նաև օտարերկրյա ներդրմամբ, ինչը ոչ թե վատացնում է գնահատականը, այլ ընդհակառակը՝ լավացնում է»:
Նախատեսվում է նաև պահպանել 500 կմ վերանորոգված ճանապարհի նշաձողը: Միևնույն ժամանակ առաջիկայում սկսվելու է Հյուսիս-Հարավի Սիսիան-Քաջարան 60 կմ հատվածի շինարարությունը: Փաշինյանը նշել է, որ հիմա լավ դինամիկայով ընթանում է Թալին-Լանջիք-Գյումրի հատվածի շինարարությունը, և ուշադրության կենտրոնում է լինելու Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունը:
Խոսելով առաջիկա 4 տարվա ընթացքում Հայաստանին ԵՄ կողմից հատկացվող 2.6 մլրդ եվրոյի փաթեթի մասին՝ Փաշինյանն ասել է, որ այդտեղ առանձնահատուկ տեղ ունի Սյունիքի մարզում ենթակառուցվածքների ծրագիրը:
«Հույս ունենք, որ հնարավորություն կունենանք այդ միջոցներից ուղղել նաև կրթության բարեփոխումներին, Երևանի տրանսպորտային կառավարման արդյունավետության և կանաչ, այսինքն՝ ավելի էկոլոգիական համակարգերի ներդրմանը: Հույս ունենք, որ այդ ֆինանսներից կներգրավենք նաև Հայաստանում ջրամբարաշինության ոլորտում: Պիտի հիշեցնեմ, որ մենք պլանավորում ենք ՀՀ-ում առաջիկա հինգ տարիներին նախագծել և/կամ սկսել 15 ջրամբարի շինարարություն»,-ասել է վարչապետը։
Ծրագրում Սահմանադրական փոփոխությունների թեման ձևակերպվել է որպես բաց քննարկման հնարավորություն:
Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն, կառավարությունն իր ձևավորումից հետո, 20-օրյա ժամկետում պետք է Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնի կառավարության գործունեության ծրագիրը: Կառավարության նիստում ընդունված ծրագիրը քննարկման կներկայացվի Ազգային ժողովում: