19 օգոստոսի 2021 - 13:58 AMT
ՀՀ և ՌԴ նախարարները քննարկել են ռուսական պատվաստանյութի նոր խմբաքանակի տրամադրումը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ռուս գործընկեր Միխայիլ Մուրաշկոյի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին, նշել է, որ Հայաստանում հաջողությամբ կիրառվում է ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութը։ Կողմերը քննարկել են նոր խմբաքանակներ Հայաստանին տրամադրելու հնարավորությունները։

Հեռախոսազրույցի ժամանակ առանձնահատուկ շեշտվել է ամեն տարի անցկացվող հայ-ռուսական առողջապահական համաժողովների կարևորությունը։

«Ավանդույթ դարձած այս միջոցառումը մեծ ներդրում ունի առողջապահության և բժշկագիտության ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների խորացման գործում»,- ասել է նախարար Ավանեսյանը։

Մուրաշկոն վերահաստատել է այս տարի համաժողովը Մոսկվայում կազմակերպելու իր պատրաստակամությունը։

Նախարարները պայմանավորվել են աշխատանքային կարգով քննարկել առաջիկա համաժողովի օրակարգը` երկուստեք հույս հայտնելով, որ համավարակի հետ կապված մարտահրավերները չեն խոչընդոտի երկու երկրի առողջապահության բնագավառի ներկայացուցիչների հանդիպմանը և հանրային առողջության բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել Covid-19-ի դեմ պատվաստանյութի նոր խմբաքանակ: Պատվաստանյութը հասանելի է 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար` առանց սահմանափակումների։

AstraZeneca-ով, «Սպուտնիկ V»-ով և «Կորոնավակով» պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: