20 մարտի 2009 - 01:23 AMT
Ֆրանսիան չի ցանկանում, որպեսզի «Արեւելյան գործընկերության» երկրներին այդքան փող տան
Ֆրանսիան չի ցանկանում, որպեսզի Եվրահանձնաժողովը «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության երկրներին 600 միլիոն եվրոյի չափով օգնություն հատկացնի: Պաշտոնական Փարիզը մտահոգված է նրանով, որ «Արեւելյան գործընկերության» ֆինանսավորումը կարող է կատարվել ԵՄ միջերկրածովյան հարեւաններին` Մարոկկոյին, Ալժիրին, Թունիսին, հատկացվող օգնության կրճատման հաշվին: «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության հետ կապված այդ եւ այլ հարցերը քննարկվել են Բրյուսելում կայացած ԵՄ երկօրյա գագաթաժողովի ընթացքում:

Լեհաստանն ու նախաձեռնության նախագծի ֆինանսավորման մյուս կողմնակիցներն իրենց հերթին ԵՄ իրենց գործընկերներին կոչ են արել աջակցել 2013թ. լրացուցիչ 600 մլն եվրո գումարի հատկացմանը «Արեւելյան գործընկերության» զարգացման համար: «Վրաստանում օգոստոսյան գործողությունների եւ գազային ճգնաժամի ընթացքում մենք տեսանք, թե որքան փխրուն է նախաձեռնության մեջ մտնող երկրների տարածաշրջանը: 600 մլն եվրոն նվազագույն գումարն է, որը կարող է կայունացնել տարածաշրջանը»,- հայտնել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռյադոսլավ Սիկորսկին, հաղորդում է Easy Bourse-ը: