28 օգոստոսի 2021 - 12:09 AMT
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հետագա շփումները տարբեր մակարդակներում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդիական հարցեր՝ 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հետագա շփումները տարբեր մակարդակներում։

Օգոստոսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են։ ԱԱԾ-ն հայտարարել է, որ աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողները փակել են նաև Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը:

Օգոստոսի 27–ի երեկոյան ճանապարհը բացվել է։