28 օգոստոսի 2021 - 13:35 AMT
Արարատ Միրզոյանն առաջին այցը կկատարի Մոսկվա․ Կհանդիպի Լավրովին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 31-ին Մոսկվայում հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Միրզոյանը Մոսկվա կմեկնի աշխատանքային այցով։ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակումից հետո սա կլինի նրա առաջին արտասահմանյան այցը։

Հանդիպման ընթացքում նախարարները հանգամանալից կքննարկեն բոլոր ոլորտներում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացմանը, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, գործակցության սերտացմանը, ինչպես նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում դիրքորոշումների համակարգմանն ուղղված հետագա քայլերը։

«Կքննարկվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021 թվականի հունվարի 11-ին պայմանավորվածությունների կատարման ընթացքը` այդ թվում հումանիտար հարցերը և Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:

Հուսով ենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային համագործակցության խորացմանը, տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: