28 օգոստոսի 2021 - 13:06 AMT
Փարսյան. Գորիս-Շուռնուխ- Կապան ճանապարհը հսկելու են ռուս սահմանապահները

Գորիս-Շուռնուխ-Կապան ճանապարհի Որոտան և Նոր Առաջաձոր հատվածներում հսկողությունն իրականացնելու են ռուս սահմանապահները: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

«Օգոստոսի 27-ի ժամը 20:00-ի դրությամբ, վերականգվել է Մ2 միջպետական ճանապարհի Գորիս-Շուռնուխ-Կապան հատվածի երթևեկությունը:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն չի եղել:

Որոտան և Նոր Առաջաձոր հատվածներում տեղադրվել են բետոնե թափարգելներ՝ այդ հատվածներում երթևեկությունը դանդաղեցնելու նպատակով: Ճանապարհի այդ հատվածների հսկողությունն իրականացնելու են ռուս սահմանապահները»,-ասվում է գրառման մեջ:

Օգոստոսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են։ ԱԱԾ-ն հայտարարել է, որ աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողները փակել են նաև Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը: