6 սեպտեմբերի 2021 - 14:08 AMT
Աղթամարի Սբ Խաչում պատարագ է մատուցվել

Սեպտեմբերի 5-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում, որը տարին մեկ անգամ բացվում է Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության հատուկ թույլտվությամբ, պատարագ է մատուցվել։ Արարողությունը տեղի է ունեցել 9-րդ անգամ։

Դրան մասնակցելու համար քաղաք գնացողները Գևաշի նավահանգստում անհրաժեշտ վերահսկողություններից հետո նավակով կղզի են տեղափոխվել, գրում է TRT-ն։

Կորոնավիրուսի տարածման դեմ միջոցառումների պատճառով սահմանափակ թվով մարդիկ են այցելել կղզի։ Թուրքիայի Հայոց պատրիարքարանի գլխավոր քարտուղարը և Հոգևոր ժողովի նախագահ, ավագ քահանա Թաթուլ Անուշյանը կղզի են այցելել հոգևորականների հետ։

Պատարագը մատուցել է Կ․ Պոլսի Հայոց պատրիարքության գլխավոր քարտուղար և Կրոնական ժողովի ատենապետ, Ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանը։

Կղզի են այցելել նաև թուրք պաշտոնյաներ։

10-րդ դարում Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու հրամանով կառուցված Աղթամարի Սբ Խաչ եկեղեցին 1113-1895թթ. եղել է Աղթամարի կաթողիկոսների նստավայրը: Կաթողիկոսության վերացումից հետո նրան պատկանող վանքերն ու եկեղեցիներն անցել են Պոլսի հայոց պատրիարքությանը։ Կղզին ու եկեղեցին լքվել է 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո։

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 2005-ին ձեռնարկել էր Սբ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները: 2007-ին եկեղեցին այցելուների համար բացվել էր որպես թանգարան:

95 տարվա դադարից հետո 2010-ից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կամ նախորդող կիրակի օրը, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում: Սակայն 2015-2017թթ. ընթացքում Թուրքիայի արևելյան որոշ շրջաններում քուրդ զինյալների և թուրքական զինուժի միջև պարբերական բախումների հետևանքով պատկան մարմինները պատարագ անցկացնել չէին արտոնել: