Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը և ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանավորելու որոշում կայացրել։ Այս մասին հայտնել է փաստաբան Սասուն Ռաֆաելյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Փաստաբանը նշել է, որ դատարանի որոշումը ստանալուց հետո դրա դեմ կներկայացվի վերաքննիչ բողոք:
Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ի առավոտյան՝ 1․5 տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման համար։ Փաստաբանի փոխանցմամբ՝ առաջադրված մեղադրանքները որևէ աղերս չունեն իրականության ու իրավաբանության հետ և Աղվան Հովսեփյանը չի ընդունել առաջադրված մեղադրանքները։