13 սեպտեմբերի 2021 - 13:25 AMT
ԱԶԲ-ն $35 մլն կտրամադրի ՀԷՑ-ին մարզերում էլեկտրական բաշխիչ ցանցերի արդիականացման նպատակով

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 35 մլն դոլար կհատկացնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին էլեկտրական բաշխիչ ցանցերի արդիականացման նպատակով, ինչը հնարավորություն կտա հուսալի էներգամատակարարում ապահովել հատկապես ՀՀ մարզերում։ ԱԶԲ-ն և ՀԷՑ-ը համաձայնագիր են ստորագրել։

Ֆինանսավորումը ներառում է ԱԶԲ-ից ստանալիք 20 մլն դոլարի փոխառությունը և Մասնավոր ենթակառուցվածքների առաջատար ասիական հիմնադրամի (LEAP) հատկացրած 15 մլն դոլարը, որը կառավարելու է ԱԶԲ-ն։

«Էներգաարդյունավետությունն ու անվտանգությունը կախված են զգալի ներդրումներից ենթակառուցվածքների զարգացման մեջ։ ԱԶԲ-ն շարունակում է աջակցությունը ՀՀ-ին այդ նպատակին հասնելու համար՝ երկարաժամկետ ֆինանսավորում տրամադրելով մասնավոր հատվածին»,-ասել է LEAP Կենտրոնական, Արևմտյան և Հարավային Ասիայի դեպարտամենտի ենթակառուցվածքների ֆինանսավորման բաժնի տնօրեն Շանտանու Չակրաբորտին։

«Նախագծով ֆինանսավորվում է ՀԷՑ երկարաժամկետ ներդրումային ծրագրի երկրորդ փուլը, որն ուղղված է էլեկտրամատակարարման բարելավմանը ՀՀ մարզերում։ Ներդրումային ծրագիրը մեկնարկել է 2016-ին։ Առաջին փուլը ֆինանսավորվել է ԱԶԲ 80 մլն դոլարի վարկով՝ այն ավարտվել է 2020-ին և նախատեսված էր Երևանի համար։

ԱԶԲ-ի աջակցությունը թույլ կտա ՀԷՑ-ին բարելավել բաշխիչ ցանցի եւ դրա բազմակայք գործառնությունների ծառայությունների որակն ամբողջ երկրում, նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները եւ շահագործման ծախսերը, բարելավել տեխնիկական սպասարկման եւ անվտանգության պայմանները, արդիականացնել հաշվառման համակարգը, վերականգնել, ամրապնդել եւ ընդլայնել բաշխիչ ցանցը, ցանցին միացնել նոր հաճախորդների, ինչպես նաեւ՝ ներդնել կառավարման միջազգային չափանիշներ եւ վերահսկման ավտոմատացված համակարգ»,-ասել է ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:

ՀԷՑ-ը փակ բաժնետիրական ընկերություն է, որը հիմնվել է 2002թ-ին, էլեկտրաէներգիայի բաշխման չորս պետական տարածաշրջանային ընկերությունների մասնավորեցման և միաձուլման արդյունքում: Այն հանդիսանում է էլեկտրաէներգիայի արտոնագրված բաշխողը և սպասարկում է Հայաստանի ամբողջ տարածքում: