15 սեպտեմբերի 2021 - 16:31 AMT
ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ-ում․ Ադրբեջանը շարունակում է դրսևորել ապակառուցողական մոտեցում

Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Դուշանբեում ՀԱՊԿ ԱԳ, ՊՆ ղեկավարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստում հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակում է դրսևորել ապակառուցողական մոտեցում և ի թիվս այլ բաների, մինչ օրս հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց՝ անտեսելով իր իսկ ստանձնած պարտավորությունները:

Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Կովկասյան տարածաշրջանում ներկա իրողությունները՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով Արցախյան հիմնախնդրում վերջին զարգացումների վրա: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությանը՝ ԱԽ քարտուղարը ընդգծել է, որ այդ քաղաքականությունը կրում է ակնհայտ սադրիչ բնույթ, մասնավորապես մատնանշելով սույն թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀԱՊԿ անդամ երկիր հանդիսացող Հայաստանի սահմանամերձ հատվածներ ներխուժելը՝ հույս հայտնելով, որ պետության սուվերեն տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգության դատապարտումը և ՀԱՊԿ անդամ պետությունների միասնական դիրքորոշումը այս հարցում սթափեցնող ազդեցություն կունենա:

Արմեն Գրիգորյանը նշել է, որ չնայած այս բարդություններին Արցախյան հիմնախնդիրը սպասում է իր քաղաքական լուծմանը և այս համատեքստում կարևորել է Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով խաղաղ գործընթացի վերսկսումը՝ հույս հայտնելով, որ ՀԱՊԿ անդամ պետությունները ևս կաջակցեն համանախագահների ջանքերին:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի սպասվելիք նախագահության ընթացքում Հայաստանի առաջնահերթություններին՝ Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից միջազգային և տարածաշրջանային կարևորություն ներկայացնող օրակարգերի շուրջ համաձայնեցված մոտեցումների ձևավորման նպատակով աշխատանքների շարունականությունը, որոնք հաշվի կառնեն անդամ պետությունների շահերը:

Այդ թվում քարտուղարը կարևորել է ՀԱՊԿ կողմից ճգնաժամային կառավարման մեխանիզմների արդիականացումը և վերջիններիս կանխարգելիչ պոտենցիալի հզորացումը:

2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել:

ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող «Էյվազլի բնակավայրի հատվածում»։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար գանձում։ Դա հաստատեց նաև պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ «ճանապարհային հարկ է» գանձվում։