16 սեպտեմբերի 2021 - 12:54 AMT
ԳՇ պետն ու ԱՄՆ ռազմական կցորդը խոսել են հայ-ամերիկյան ռազմական գործակցության զարգացումից

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի և ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսի հանդիպմանը կողմերը հաստատել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը զարգացնելու իրենց պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ ընթացիկ ծրագրերը պետք է շարունակվեն, և նախաձեռնվեն փոխշահավետ նոր ուղղություններ։

Դավթյանը շնորհավորել է Փայփսին Հայաստանում ԱՄՆ ռազմական կցորդի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո ստեղծված անվտանգության իրավիճակին և զինված ուժերի բարեփոխումներին առնչվող հարցեր: