16 սեպտեմբերի 2021 - 15:59 AMT
Պատմության մեջ առաջին անգամ ոչ պրոֆեսիոնալներ են տիեզերք թռել․ SpaceX-ը գործարկել է Crew Dragon-ը

Պատմության մեջ առաջին անգամ SpaceX-ը ոչ պրոֆեսիոնալ անձնակազմով տիեզերանավ է գործարկել։ Falcon 9 կրիչ հրթիռը, որը ուղեծիր է դուրս բերել տիեզերական զբոսաշրջիկներով Crew Dragon տիեզերանավը, մեկնարկել է ԱՄՆ Քանավերալ հրվանդանից։ SpaceX-ը ուղիղ հեռարձակում է վարել։

Տիեզերք է թռել 4 անձ՝ անձնակազմի հրամանատար և թռիչքի հովանավոր, գործարար Ջարեդ Իսահակմանը, հետազոտող Սիան Պրոքթորը, բժիշկ Հեյլի Արսենոքսը և ԱՄՆ ՌՕՈւ վետերան Քրիսթոֆեր Սեմբրոսկին, գրում է ՌԻԱ Նովոստին։

Տիեզերանավը մերձմոլորակային ուղեծրում կանցկանի 3 օր և Երկիր կվերադառնա։ Անձնակազմի նպատակները գիտական են։

Inspiration4 անվանումը ստացած առաքելությունը բարեգործական բնույթ է կրում և նպատակ ունի միջոցներ հավաքագրել St. Jude Children's Research Hospital հիվանդանոցի համար, որը մասնագիտանում է մանկական օնկոլոգիական հիվանդությունների վրա։

Անձնակազմի անդամներից մեկի՝ 29-ամյա Արսենոքսի մոտ 10 տարեկանում ձախ ոտքի օսթեոսարկոմա է ախտորոշվել, որից հետո նա քիմիաթերապիայի 12 կուրս է անցել և մի քանի վիրահատության ենթարկվել։ Անձնակազմում աղջիկը, որը տիեզերք թռած ամենաերիտասարդ ամերիկուհին է, զբաղեցրել է «Հույս» պայմանական անվանումը կրող տեղը։ Տիեզերանավի մյուս տեղերը կոչվում են «Առաջնորդություն», «Մեծահոգություն» և «Բարգավաճում»։

Photo. AP