16 սեպտեմբերի 2021 - 17:54 AMT
«Ռադիո Ավրորան» դադարեցնում է սփռումն Արցախում՝ իրավական անորոշությունների և խլացման պատճառով

«Ռադիո Ավրորան» դադարեցնում է սփռումն Արցախում՝ իրավական անորոշությունների և ադրբեջանցիների կողմից հաճախականության պարբերաբար խլացման պատճառով, գրում է yerkir.am-ը։

«2015 թվականից ի վեր «Ավրորան» իր 100.7 հաճախականությամբ հեռարձակվել է արցախահայության և սահմանին կանգնած զինծառայողի համար՝ չհետապնդելով կոմերցիոն շահ։ Նպատակը եղել է տեղի բնակչությանը հայալեզու տեղեկատվությամբ ապահովելը։

Ռադիոկայանը Արցախի մեր հայրենակիցների և զինվորների համար լուսաբանել է ինչպես 2016-ի Ապրիլյան, այնպես էլ՝ 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքը, մինչև Շուշի բերդաքաղաքում թշնամու կողմից «Ավրորայի» հեռարձակման կայանի ռմբակոծումը։

Թեև կարճ ժամանակ անց ռադիոկայանին հաջողվեց վերականգնել հեռարձակումը, այնուամենայնիվ, այժմ, «Ավրորան» դադարեցնում է սփռումն Արցախում՝ պայմանավորված իրավական անորոշություններով և ադրբեջանցիների կողմից հաճախականության պարբերաբար խլացմամբ»,- ասվում է ռադիոկայանի հայտարարության մեջ։

Ավելի վաղ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, անդրադառնալով պատերազմից հետո առաջացած սոցիալական խնդիրներին, հայտարարել է, որ ԱՀ-ում կան բնակարաններ, որտեղ կապն ընդհանրապես բացակայում է։ Նա տեղեկացրել է, որ ադրբեջանցիները Շուշիի հատվածից խլացնում են սահմանային բնակավայրերի բջջային կապն ու ինտերնետի սփռումը։