16 սեպտեմբերի 2021 - 17:49 AMT
ԱԺ նախագահն ու Իրանի դեսպանն անդրադարձել են Որոտանի մոտ տիրող իրավիճակի լուծման աշխատանքներին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին անդրադարձել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտակայքում տիրող իրավիճակի լուծման աշխատանքներին:

ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստան-Իրան փոխգործակցության արդյունքում ձևավորված ակտիվ քաղաքական երկխոսությունն ամուր հիմք և երաշխիք է բոլոր ոլորտներում միջպետական համագործակցության շարունակական զարգացման ու ամրապնդման համար: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որՀՀ-ն ձգտում է պահպանել և առավել ամրապնդել քաղաքական ու տնտեսական ոլորտների երկխոսության և առևտրային համագործակցության շարունակական աճը:

Ալեն Սիմոնյանը կարևորել է հայ-իրանական փոխգործակցությունը տարածաշրջանային ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման գործում, ինչպես նաև տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգային հարցերում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը փաստեց, որ զգալի է հայկական մշակութային ժառանգության դերը իրանցիների կյանքում, իսկ հայկական համայնքը բավականին ակտիվ և ընդգրկուն է ներկայացված Իրանում:

Կողմերն անդրադարձել են երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում միջխորհրդարանական համագործակցության դերին:

2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել:

ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող «Էյվազլի բնակավայրի հատվածում»։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար գանձում։ Դա հաստատեց նաև պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ «ճանապարհային հարկ է» գանձվում։