17 սեպտեմբերի 2021 - 11:23 AMT
Նախագահն ԱՀԿ ղեկավարին ՀՀ է հրավիրել՝ մասնակցելու ՝ Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ հանդիպմանը հրավիրել է նրան Հայաստան՝ հանդիպելու առողջապահության ոլորտի գործընկերների, նաև մասնակցելու հոկտեմբերի 23-24-ը նախատեսված՝ Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին:

Նախագահն առաջարկել է գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպել քննարկում՝ նվիրված Covid 19-ի և դրա նոր դրսևորումների կանխարգելման և բուժման նորարարական միջոցներին, ինչպես նաև՝ պանդեմիկ իրավիճակներում պետությունների համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներին:

Հայաստանի նախագահը և ԱՀԿ ղեկավարը զրուցել են Covid-19 համավարակի և դրա հաղթահարմանն ուղղված պատվաստումային գործընթացի մասին: Նրանք նշել են, որ պատվաստումը համավարակի դեմ պայքարի, դրա կանխարգելմանն ու բուժմանն ուղղված, ինչպես նաև համավարակային իրավիճակում բնականոն կյանքը վերակառուցելու հիմնական միջոցն է ու հնարավորությունը:

Հանրապետության նախագահը և ԱՀԿ գլխավոր տնօրենն իրենց անհանգստությունն են հայտնել, որ Հայաստանը պատվաստումների առումով դեռևս ցածր ցուցանիշ ունեցող երկրների շարքում է և վերջերս հայտնվել է կարմիր գոտում, ինչը ենթադրում է հնարավոր սահմանափակումներ երկրի և նրա քաղաքացիների համար: Այս վիճակի հաղթահարման ճանապարհը մատչելի, ապահով ու արդյունավետ պատվաստանյութերն են և պատվաստման գործընթացը: Այս համատեքստում նախագահ Սարգսյանը կարևորել է նաև միջազգային գործընկերների աջակցությունը:

Սեպտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 252,082 դեպք, որոնցից 235,030-ն` առողջացած, 5101-ը` մահվան ելքով: