17 սեպտեմբերի 2021 - 10:52 AMT
ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան

Հայաստանը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով:

Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը։

Հայցում ասվում է, որ Ադրբեջանը խախտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիան, որն ընդունվել է ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1965 թ. Հայցում նշվում է, որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանը հայերին ռասայական խտրականության է ենթարկել, իսկ Ադրբեջանի ատելության քաղաքականության արդյունքում հայերը համակարգված ենթարկվել են խտրականության, կոտորածների, խոշտանգումների և բռնության այլ տեսակների: տեղեկացնում է Aysor.am-ը։

2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը կրկին խախտել է կոնվենցիան երկրների միջև զինված հակամարտության ընթացքում:

«Նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո, 2020 թվականի նոյեմբերի 10-ին ուժի մեջ մտած զինադադարից հետո, Ադրբեջանը շարունակում է մասնակցել հայ ռազմագերիների սպանություններին, խոշտանգումներին և այլ բռնություններին», - ասվում է փաստաթղթում:

«Հայաստանը խնդրում է դատարանին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ կոնվենցիայի խախտումների համար, որպեսզի կանխի ապագա վնասը և փոխհատուցի արդեն հասցված վնասը», - ասվում է հայցում:

Հայցում ընդգծվում է, որ հայկական էթնիկ կամ ազգային ծագում ունեցող անձինք Ադրբեջանի կողմից ենթարկվել են խտրականության՝ անկախ նրանց իրական քաղաքացիությունից: