17 սեպտեմբերի 2021 - 10:54 AMT
Փաշինյանն ու Ռայիսին Դուշանբեում բեռնափոխադրումների անխափան կազմակերպման հարցեր են քննարկել

Աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին՝ քննարկել են երկու երկրի միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

Իրանի նախագահը, ողջունելով Փաշինյանին` նշել է. «Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել ընտրություններում հաղթանակի և վարչապետի պաշտոնը կրկին ստանձնելու համար»,- ասել է Իրանի նախագահը` հույս հայտնելով, որ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների հարաբերություններում նոր դրական քայլեր իրականացնել:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ռայիսիի երդմնակալության արարողությունից Հայաստան է վերադարձել լավ տպավորություններով:

«Մեր երկու կառավարությունների գործունեությունը մեկնարկել է միաժամանակ, կարծում եմ դա շատ լավ նրբերանգ է, որը հնարավորություն է ստեղծում ներդաշնակեցնել մեր գործողությունները»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարության գործունեության ծրագրում հատուկ ընդգծվել է տարածաշրջանային հարաբերությունների կարևորությունը: Այս համատեքստում վարչապետը կարևորել է Իրանի նախագահի հայտարարությունը, ըստ որի` Իրանի համար ևս կարևոր է հարևանների հետ հարաբերությունների զարգացումը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-իրանական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։

Սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Որոտան գյուղի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են բացել։ Սեպտեմբերի 11-ից նրանք կանգնեցնում են իրանական բեռնատարները և ստուգում վարորդների փաստաթղթերը։ Ադրբեջանցիները նաև «ճանապարհային հարկ» են պահանջում իրանցի վարորդներից։ Բաքուն պաշտոնապես է հաստատել այդ տեղեկությունը։