Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ իր առաջարկները և արագ պատասխան է ակնկալում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանի առանձին հատվածներում։ Իրավիճակի զարգացումը, այդ թվում Որոտան գյուղի մոտ, հերթական անգամ հաստատում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի արագ մեկնարկի պահանջվածությունը։ Այդ հարցի վերաբերյալ ռուսական առաջարկները փոխանցվել են Բաքվին և Երևանին՝ արագ պատասխան ենք ակնկալում հետագա ուղղության ձևավորման համար»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։
Զախարովան հավելել է, որ ռուսական կողմը շարունակում է ՀՀ և Ադրբեջանի հետ համատեղ ջանքերն, ուղղված տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը՝ 2020-ի նոյեմբերի և 2021-ի հունվարի եռակողմ հայտարարությունների իրականացման շրջանակում։
Սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Որոտան գյուղի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են բացել։ Սեպտեմբերի 11-ից նրանք կանգնեցնում են իրանական բեռնատարները և ստուգում վարորդների փաստաթղթերը։ Ադրբեջանցիները նաև «ճանապարհային հարկ» են պահանջում իրանցի վարորդներից։ Բաքուն պաշտոնապես է հաստատել այդ տեղեկությունը։