17 սեպտեմբերի 2021 - 17:14 AMT
Նախարար․ Խիստ նախնական գնահատականով սպիտակ արագիլների աղտոտման հիմնական աղբյուրը հայտնաբերված է

Սպիտակ արագիլների աղտոտման հիմնախնդրի շուրջ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի ունեցած ընդգրկուն ամփոփիչ հանդիպում-քննարկման ժամանակ տեղեկացվել է, որ խիստ նախնական գնահատականով սպիտակ արագիլների աղտոտման հիմնական աղբյուրը հայտնաբերված է։

Ամփոփվել են թռչունների աղտոտման հիմնական հիպոթեզները: Նախարարը գործընկերներին է ներկայացրել է այս ամիսների ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության կողմից խնդրի լուծմամբ շահագրգիռ գերատեսչություններ ուղարկված գրությունները, իրականացված ստուգումներն ու այդ ստուգումների արդյունքում վերհանված տեղեկատվությունը։

Նախարարը նշել է, որ գործ ունենք մասնավորապես համայնքային աղբավայրերի սանիտարական նորմերի պահպանման և հստակ կանոնների, գործող իրավակարգավորումների խիստ վերահսկողության բացակայության արդյունքում առաջացած խնդրի հետ։

«Թեև NABU-ն (Գերմանիայի Բնության պահպանության միությունը) դեռ ուսումնասիրություններ է անցկացնում, բայց արդեն իսկ առկա են բավականաչափ փաստական տվյալներ ու ապացույցներ, որոնք թույլ են տալիս խիստ նախնական գնահատական հնչեցնել, որ աղտոտման հիմնական աղբյուրը հայտնաբերված է։ Կարծես թե այդ ձեռնարկությունների թափոնների և նաև ձկնաբուծարանների գործունեության ու թափոնների սխալ կառավարման, այդ թվում ձկնաբուծարաններում գոյացող օրգանական, կենդանական թափոնների՝ Մասիսի քաղաքային աղբավայրում սխալ տեղադրման արդյունք է այս աղտոտումը։ Գործ ունենք մասնավորապես համայնքային աղբավայրերի սանիտարական նորմերի պահպանման և հստակ կանոնների, գործող իրավակարգավորումների խիստ վերահսկողության բացակայության արդյունքում ծնված խնդրի հետ։ Պետք է որքան հնարավոր է արագ մեկնարկի այն չեզոքացնելու գործընթացը՝ զուգորդված խիստ վարչարարությամբ»,-ասել է նա։

Նշվել է նաև, որ թեև կարճ ժամանակում հնարավոր չէ աղբավայրերի խնդիրը կարգավորել, բայց կարելի է խիստ վարչարարության կիրառման միջոցով կարգավորել ձկնաբուծարանների կողմից Մասիսի աղբավայրում ձկնամթերքի թափոնների ճիշտ տեղադրման ու կառավարման խնդիրը։

2019-ից պարբերաբար արագիլների աղտոտման դեպքեր են գրանցվել։ Օրինակ, Արարատի մարզի Հովտաշեն համայնքում սպիտակ արագիլները կեղտոտվել էին, չէին կարողանում թռչել։ Կենդանաբանության ինստիտոտի մասնագետները արագիլներին զննելուց հետո հայտարարել էին, որ իրավիճակը սոսկալի է, էկոլոգիական աղետ կա և կոչ էին արել պատասխանատուներին պարզել աղտոտման աղբյուրը: Պարզվել էր, որ արագիլների փոտուրներին սննդային յուղ է եղել։ 2020ին ՀՀ-ում կրկին արագիլների կեղտոտման դեպքեր են գրանցվել: