17 սեպտեմբերի 2021 - 19:03 AMT
«Ավրորայի» դափնեկրին կառաջարկվի մրցանակի $250,000 ուղղել Արցախի խնդիրներին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, հաշվի առնելով 2020 թ. պատերազմից տուժած արցախցիների խիստ կարիքները, կառաջարկի 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրին մրցանակի 250,000 դոլարն (կամ 25%-ը) ուղղել Արցախի մարդասիրական հրատապ խնդիրների լուծմանը: «Ավրորայի» համահիմնադիրներն ստանձնում են հանձնառություն՝ կրկնապատկելու այդ նվիրատվությունը՝ գումարի չափը հասցնելով 500,000 դոլարի:

2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը և դրան ուղեկցող միջոցառումները տեղի կունենան Վենետիկում (Իտալիա) 2021 թ. հոկտեմբերի 8-10-ը:

Նախաձեռնությունը հայտարարում է «Ավրորա» մրցանակի հիմնական նպատակների բարեփոխման մասին․ «Ավրորայի» ֆոնդից այսուհետև միջոցներ կհատկացվեն նաև մարդասիրական անհապաղ օգնության համար։ «Ավրորայի» դափնեկիրները «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի և նախաձեռնության համահիմնադիրների հետ կորոշեն, թե հատկապես որ հրատապ խնդրին արձագանքել՝ ուղղելով միջոցներ:

2022-ից սկսած մրցանակային ֆոնդի կեսն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կուղղի անհապաղ միջամտություն պահանջող ամենահրատապ մարդասիրական ճգնաժամերից որևէ մեկի հաղթահարմանը:

Վերջնական փուլում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կհամագործակցի այդ տարվա դափնեկրի հետ՝ ընտրելու կամ մշակելու մինչև երեք նախագիծ, որոնց կտրվի մասնակի կամ մեկնարկային ֆինանսական աջակցություն: Արդյունքում «Ավրորա» մրցանակից 500,000 դոլար կհատկացվի ընտրված ճգնաժամային գոտուն: Մրցանակի մնացած 500,000 դոլարը կբաշխվի՝ համաձայն «Երախտագիտությունն՝ ի գործ» սկզբունքի. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը կշարունակի նվիրատվության շղթան և գումարը կհատկացվի մինչև երեք մարդասիրական կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվող մարդկանց: Գումարը կբաշխվի՝ ըստ դափնեկրի առաջարկած չափաբաժինների:

2016 թվականից սկսած «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ամեն տարի 1 մլն ԱՄՆ դոլարի մրցանակ է շնորհում բացառիկ հերոսների՝ ճանաչման արժանացնելով նրանց կատարած մարդասիրական աշխատանքը: Այս մրցանակը «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի եզակի դրսևորում է. մրցանակի դափնեկիրները շարունակում են նվիրատվության շղթան՝ գումարի 90%-ը նվիրաբերելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվող մարդկանց: