18 սեպտեմբերի 2021 - 11:08 AMT
ՄԻՊ․ Ինքներս պետք է ստեղծենք մեր երեխաների անվտանգության երաշխիքները

Մարդու իրվունքների պաշտպան Արման Թաթոյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Որոտանի մոտ տեղի ունեցած միաջդեպին, որտեղ ադրբեջանցիները կանգնեցրել են արցախցի երեխաներով ավտոբուսը, գրել է, որ ինքներս պետք է ստեղծենք մեր երեխաների, իրավունքների պաշտպանության ու անվտանգության երաշխիքները։

«Մինչև դա չանենք, ադրբեջանական զինված ծառայողները միշտ էլ գործելու են այսպիսի հանցանքներ, թույլ են տալու սանձարցակ պահվածք: Միշտ լինելու է անորոշություն: Գրեթե 1 տարի է, ինչ խնդիրների մասին այդքան զգուշացնում եմ կոնկրետ փաստերով»,-ասվում է գրառման մեջ:

ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ ադրբեջանական զինված ու դիմակավորված ծառայողները Գորիս-Կապան ճանապարհին կանգնեցրել են երեխաներ տեղափոխող քաղաքացիական ավտոբուս: «Երեխաներն Արցախից են, որ երթևեկում են Որոտանի ճանապարհով: Արցախի իմ գործընկերոջ՝ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ համատեղ պարզել ենք, որ Արցախի ֆուտբոլ խաղացող երեխաներ են՝ 15-16 տարեկան: Ադրբեջանական ծառայողները՝ զինված ու դիմակավորված, ստուգել են երեխաների հեռախոսները՝ ինչ-որ տեսանյութեր գտնելու պատրվակով: Երեխաների ավտոբուսն այդպես պահել են 10-15 րոպե: Այդ ընթացքում նաև ավտոբուսի վրայից դանակով քերել են Արցախի դրոշը»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ ադրբեջանական աղբյուրները հպարտությամբ տարածում են այս տեսանյութը:

«Բայց այստեղ հարցը պահվածքն է, որ ադրբեջանական զինված ծառայողները ցուցաբերում են երեխաների նկատմամբ, երեխաներին բացահայտ ահաբեկելունպատակ՝ դիմակով ու զինված:

Հիմա էլ տեսանյութը տեղադրել են ադրբեջանական սոցիական ցանցերում, ու այն ուղեկցվում է երեխաներին ուղղված լկտի վիրավորանքներով, հայերին սպանելու կոչերով և խորքային ատելությամբ: Այս ամենը տարիների պետական հովանավորչությամբ ադրբեջանական հայատյացության քաղաքականության արդյունք է: Ապացույցները մենք փաստագրել ենք»,-ասվում է գրառման մեջ:

Սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Որոտան գյուղի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են բացել։ Սեպտեմբերի 11-ից նրանք կանգնեցնում են իրանական բեռնատարները և ստուգում վարորդների փաստաթղթերը։ Ադրբեջանցիները նաև «ճանապարհային հարկ» են պահանջում իրանցի վարորդներից։ Բաքուն պաշտոնապես է հաստատել այդ տեղեկությունը։