18 սեպտեմբերի 2021 - 11:37 AMT
Մարտական դիրքում զինվորի մահվան և մյուսի վիրավորման փաստով ձերբակալված զինծառայողը կալանավորվել է

Մարտական դիրքում զինվորի մահվան և մյուսի վիրավորման փաստվ ձերբակալված զինծառայողը կալանավորվել է։ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է մեկ զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է նույն զորամասի զինծառայող:

Ավելի վաղ ՔԿ-ից տեղեկացրել էին, որ վերջինս ձերբակալվել է՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու կասկածանքով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, զոհից բացի, կա նաև վիրավոր` Լևոն Արմենի Սուքիասյանն է (ծնված 1985թ.)։