18 սեպտեմբերի 2021 - 16:16 AMT
ՀՀ-ում առաջին անգամ ԱԹՍ-ների մրցույթ է անցկացվել

Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կազմակերպվել է ԱՏՁՄ երկարամյա տնօրեն, Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ առաջին մրցույթը։

Դրան ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվող մասնագիտացած ընկերություններից բացի մասնակցել են նաև դպրոցականներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ` իրենց պատրաստած թռչող սարքերով։

Մրցույթի կազմակերպիչ Կարեն Վարդանյանի անվան կրթական հինադրամի տնօրեն Սուրեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ մրցույթը կարող է նպաստել Հայաստանում ԱԹՍ–ների արտադրության խթանմանը, գրում է Sputnik Արմենիան։

«Այսինքն` իրենք ստանում են փոքր առաջադրանք։ Բայց երբ այդ փոքր առաջադրանքը կատարում են, մոտիվացվում են ավելի բարդ առաջադրանքներ կատարելու, և աճում է մի սերունդ, որը տեխնիկապես շատ զարգացած է»,– ասել է Սուրեն Վարդանյանը։

Մրցույթը բաղկացած է երեք խումբ առաջադրանքներից` «Կրակի օջախի հայտնաբերում», «Տուժածի հայտնաբերում և գոյատևման փաթեթի առաքում» և «Հեղուկ նյութերի սփռում»։

Կազմակերպիչների համոզմամբ` այս առաջադրանքների նպատակը փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար արտակարգ իրավիճակներում ԱԹՍ–ների միջոցով լուծումներ առաջարկելն է։

Սուրեն Վարդանյանի խոսքով` մրցույթը նախատեսվում է անցկացնել ամեն տարի, ցանկալի է` տարին 2 անգամ։

Առաջին մրցույթը կազմակերպվել է «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի», ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարության, Հայաստանի ամերիկյան համալսարանի ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) աջակցությամբ։