21 մարտի 2009 - 15:47 AMT
Թուրքական ռադիոյում հայալեզու հեռարձակումը զուտ քաղաքական քայլ է
Թուրքիայի պետական ռադիոհեռարձակման ընկերության ռադիոհաղորդումների հեռարձակումը հայերեն լեզվով զուտ քաղաքական քայլ է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով, թուրքական իշխանություններն այդպիսով Երեւանին ազդանշան են տալիս, որ պատրաստ են շարունակելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին ԵՄ պահանջները կատարելու մասին բոլոր այդ խոսքերն անհեթեթություն են. Թուրքիայում բացի հայերից բնակվում են շատ ավելի մեծ ազգային համայնքներ, բայց նրանցից ոչ մեկը մայրենի լեզվով ռադիոալիք չունի: Քրդերը բացառություն են, որովհետեւ նրանք մի քանի միլիոն են կազմում Թուրքիայում, եւ այդ խնդիրը Թուրքիայի համար շատ լուրջ է»,- ասել է Իսկանդարյանը:

Նա նաեւ նշել է, որ միանգամայն հնարավոր է կապել ռադիոկայանի բացումը ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի` Թուրքիա կատարելիք այցի հետ:

Anatolian գործակալության տեղեկատվության համաձայն, առաջին ծրագիրը եթեր դուրս կգա ապրիլի 24-ին, երբ ողջ աշխարհի հայությունը հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության զոհերին:

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները: 1993թ. Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, որում նա հանդես է գալիս Ադրբեջանի կողմից: Երկու երկրների միջեւ ջերմացումը սկսվեց այն բանից հետո, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Երեւան հրավիրեց դիտելու սեպտեմբերի 6-ին Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ կայանալիք հանդիպումը: Թուրքական ԶԼՄ գրում է, որ հարաբերությունների նման ջերմացումը կարող է ավարտվել հայ-թուրքական սահմանի բացմամբ: