ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպմանն ասել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը միջազգային հանրության հրատապ ուշադրության կարիքը ունի՝ լիակատար ոչնչացման վտանգից պաշտպանելու համար։
Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև համագործակցության օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Առանձնահատուկ ընդգծվել է տնտեսական ոլորտում համագործակցության առկա ներուժի կյանքի կոչումը՝ այս առումով կարևորելով առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը, ինչպես նաև երկու երկրների գործարար համայնքների միջև կապերի աշխուժացումը:
Միրզոյանը բարձր է գնահատել ավստրիական կողմի դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ` հավելելով, որ հակամարտության համապարփակ և տևական լուծման հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգության ու ազատության երաշխավորումը:
Երկու նախարարը քննարկել են նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում իրականացվող ջանքերը։
Նյու Յորքում Արարատ Միրզոյանը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ:
ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Նյու Յորքում, որտեղ ընթանում է ՄԱԿ ԳՎ 76-րդ նստաշրջանը, հանդիպելու են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։