ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը կարևորել է հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի շարունակական զարգացումը:
Կողմերը քննարկել են առաջիկայում ՀՀ ԱԺ նախագահի՝ Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցեր:
Անդրադառնալով Պերմի Պետական ազգային հետազոտական համալսարանի հրաձգության դեպքին՝ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և առողջություն մաղթելով վիրավորներին:
ՌԴ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ցավակցական խոսքի համար: Նա բարձր է գնահատել տարածաշրջանային և միջազգային մակարդակներում հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները:
Սերգեյ Կոպիրկինը խորհրդարանական դիվանագիտության ձեռքբերում է համարել տարիներ շարունակ միջխորհրդարանական խմբերի արդյունավետ աշխատանքը: Դիվանագետը հատուկ շեշտել է բազմաբևեռ գործակցության կամուրջների շարունակական զարգացման կարևորությունը: