24 սեպտեմբերի 2021 - 10:28 AMT
ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ գլխավոր դատախազները հանդիպել են Նուր Սուլթանում

Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում ընթացող ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստի շրջանակում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի եռակողմ հանդիպումը:

Կողմերն ընդգծել են հանդիպման ձևաչափի կարևորությունը հատկապես Արցախում և տարածաշրջանում կայունության և օրինականության, ԱՀ բնակչության բնականոն կենսագործունեության, անվտանգության հաստատմանն ուղղված ջանքերին նպաստելու առումով, տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Կողմերը նաև օգտակար են գնահատել պատերազմի ընթացքում անհետ կորած անձանց, զինծառայողների փնտրման, այդ նպատակով կողմերի միջև միջնորդավորված տեղեկատվության փոխանակման գործընթացի ուղղությամբ ներդրված համատեղ ջանքերը և կարևորել այդ աշխատանքների շարունակման անհրաժեշտությունը:

Ընդհանուր պատրաստակամություն է արտահայտվել նաև հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում, հաղորդակցության ուղիներում տարաբնույթ օրինախախտումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման և գործընթացի շարունակման մասով՝ որպես կապող օղակ՝ հիմնական դերակատարում վերապահելով Արցախում տեղակայված և գործունեություն ծավալող ՌԴ դատախազության ներկայացուցիչներին, որոնց գործունեության արդյունավետությունը բարձր է գնահատվել:

Դավթյանը հանդիպման ընթացքում շեշտել է Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների վերադարձման անհրաժեշտությունը:

Գլխավոր դատախազը փոխանցել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման, էսկալացիայից խուսափելու նպատակով արձանագրվող և հնարավոր օրինախախտման միջադեպերի, դրանց հանգամանքների պարզմանն ուղղված երկկողմ տեղեկատվության փոխանակման ձևաչափերի ներդման շուրջ քննարկումների կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել տարածաշրջանում լարվածության թուլացման, հումանիտար խնդիրների լուծման, կողմերի միջև երկխոսության հաստատման ուղղությամբ ռուսական կողմի և անձնապես ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի անհատական ջանքերը և ցուցաբերած հետևողականությունը: