24 սեպտեմբերի 2021 - 12:37 AMT
ՀՀ-ում պատվաստված 286 անձ է վարակվել Covid-19-ով, որից հոսպիտալացվել է 38-ը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կառավարության նիստում ներկայացնելով կորոնավիրուսային իրավիճակը, տեղեկացրել է, որ ծավալված է 2156 մահճակալ 18 բուժկենտրոնում, որից զբաղված է 2006-ը։

Նշելով պատվաստումների շեշտակի աճը՝ Ավանեսյանն ասել է նաև, որ դրական կովիդ թեստի պատասխանով 11,470 քաղաքացուց ընդամենը 286-ն է, որ պատվաստված է։ Իսկ հոսպիտալացվածներից 38-ն է պատվաստված։

«Սա շատ բնական է` պատվաստումը 100%-ով չի բացառում վարակման ռիսկը, բայց կարևորն այն է, որ նրանք հիվանդությունը թեթև են տանում։ Հոսպիտալացված քաղաքացիներից 38-ն է, որ պատվաստված է և հիվանդությունը տանում է շատ թեթև՝ նրանք հոսպիտալացվել են, քանի որ քրոնիկ այլ խնդիրներ ունեն»,- նշել է նա:

Նախարարը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 23-ին իրականացվել է 8440 պատվաստում։

«Սա վկայում է այն մասին, որ փոփոխություն կա պատվաստումների նկատմամբ վստահության մեծացման առումով։ Արդեն իսկ իրականացված 385,503 պատվաստումների արդյունքում մարդիկ տեսնում են, որ որևէ խնդիր չունեն, պատվաստումներն անվտանգ են և պաշտպանում են քովիդով պայմանավորված մահերից», - ասել է նախարարը:

Սեպտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 256 554 դեպք, որոնցից 238 527-ն` առողջացած, 5216-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11612 պացիենտ: