24 սեպտեմբերի 2021 - 12:40 AMT
ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները պատրաստակամ են ԼՂ հարցում աշխատել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։

Կողմերը փոխադարձ տրամադրվածություն են հայտնել շարունակելու աշխատանքը Լեռնային Ղարաբաղում իրադրության կայունացման ուղղությամբ, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Արտգործնախարարները քննարկել են միջազգային օրակարգի ակտուալ հարցեր: Հանգամանալից անդրադարձ է կատարվել իրադրությանը Աֆղանստանում, կարծիքներ են փոխանակել Լիբիայի կարգավորման և Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

Նախարարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ, հետագա շփումների ժամանակացույցը։

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հանդիպմանն անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին։ Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։