24 սեպտեմբերի 2021 - 13:05 AMT
Ալիև․ ՀՀ-ն պետք է ընտրի «գործակցության և տարածքային նկրտումների միջև»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում ունեցած տեսաելույթում հայտարարել է, թե Ադրբեջանը «նոր իրողություններ է ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանում և բոլորը պետք է դա հաշվի առնեն»։

Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել ՀՀ հետ և Երևանը պետք է ընտրություն կատարի «գործակցության և տարածքային նկրտումների միջև», գրում է ՏԱՍՍ-ը։

«Հակամարտությունն ավարտված է, ուստի Ադրբեջանն արդեն հայտարարել է խաղաղության պայամանագրի շուրջ բանակցություններ սկսելու իր պատրաստակամության մասին՝ սահմանազատման և սահմանագծման, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա։ Նման համաձայնագիրը մեր տարածաշրջանը կարող է վերածել խաղաղության և համագործակցության տարածաշրջանի։ Սակայն, մենք դեռ դրական արձագանք չենք ստացել Հայաստանից մեր այս առաջարկին»,-ասել է Ալիևը։

Ըստ նրա, խաղաղությանն ու համագործակցությանը կարող են նպաստել տրանսպորտային նախագծերը։ Ալիևը նշել է, որ այդ առումով տարածաշրջանում նոր իրողություններ կարող է ստեղծել «Զանգեզուրի միջանցքը, որը Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի հետ»։

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում նախատեսված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաելույթը։