Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով համաճարակային իրավիճակը հսկողության տակ պահելու անհրաժեշտությանը, հորդորել է բոլորին պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Նա հավաստիացրել է, որ Հայաստանում պատվաստանյութերի պակաս չի լինի։
«Դա կարևոր է առողջապահական համակարգը լրացուցիչ չծանրաբեռնելու և երկրի տնտեսական բնականոն կյանքը շարունակելու համար։ Հիմա եզրային վիճակում ենք և պետք է պահպանենք հակահամաճարակային կանոնները»,-ասել է նա։
Վարչապետը հիշեցրել է, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում չպատվաստված աշխատակիցների համար 14 օրը մեկ թեստ հանձնելու պահանջը։
Անդրադառնալով այն դիտարկումներին, թե դա մարդկանց համար լրացուցիչ ֆինանսական ծախսեր է առաջացանում՝ վարչապետն ասել է, որ մարդիկ կարող են անվճար պատվաստվել։
«Քաղաքացին ինքն է ընտրումՙ ծախս անի՞, թե չանի»,-ասել է Փաշինյանը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ներկայացնելով կորոնավիրուսային իրավիճակը, տեղեկացրել է, որ ծավալված է 2156 մահճակալ 18 բուժկենտրոնում, որից զբաղված է 2006-ը։
Սեպտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 256 554 դեպք, որոնցից 238 527-ն` առողջացած, 5216-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11612 պացիենտ: