24 սեպտեմբերի 2021 - 17:31 AMT
Ադրբեջանը Հաագայի դատարան ՀՀ դեմ հայց է ներկայացրել

Ադրբեջանը հայց է ներկայացրել Հայաստանի դեմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Երևանին մեղադրելով Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման մեջ: Այդ մասին հայտնել է Հաագայի դատարանի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Հայաստանը մի շարք խտրական գործողություններ է կատարել և շարունակում է իրականացնել ադրբեջանցիների նկատմամբ՝ նրանց ազգային և էթնիկ ծագման հիման վրա», - ասված է դիմումում:

«Անդրադառնալով 2020 թվականի աշնանը բռնկված մարտական գործողություններին՝ Ադրբեջանը պնդում է, որ «Հայաստանը մեկ անգամ ևս թիրախավորել է ադրբեջանցիներին ազգային ատելության վրա հիմնված դաժան վերաբերմունքով», - ասված է դատարանի հաղորդագրությունում։

Դիմումը պարունակում է նաև Հայաստանի դեմ նախնական միջոցներ կիրառելու պահանջ՝ մինչև տվյալ հայցի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:

Ավելի վաղ Հայաստանն է Ադրբեջանի դեմ հայց ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում` Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի համաձայն: