25 սեպտեմբերի 2021 - 12:17 AMT
ՊՆ-ում ՄԹ դեսպանի հետ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Սեպտեմբերի 24-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի և ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Գալագերի հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Պաշտպանության նախարարը ներկայացրել է սահմանային իրավիճակը` նշելով ադրբեջանական կողմից իրադրությունը ապակայունացնելուն միտված գործողությունների մասին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Դեսպան Գալագերը նշել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման նախաձեռնություններին և շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Քննարկվել են նաև պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ ընթացող ծրագրերը՝ հնարավորության դեպքում նախաձեռնելով փոխգործակցության նոր ուղղություններ: