25 սեպտեմբերի 2021 - 11:16 AMT
Փաշինյան․ Եթե Թուրքիան ՀՀ-ին կապող երկաթուղին գործարկվի, կոմունիկացիաների բացումը շատ ավելի մեծ մասշտաբներ կունենա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում իր տեսաելույթում չափազանց կարևորել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, ինչի մասին ասված է ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում:

Նա հայտարարել է, որ այդ համատեքստում եթե գործարկվի նաև Թուրքիան Հայաստանին կապող երկաթուղին, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման շատ ավելի մեծ մասշտաբներ կունենա:

«Այս կարևորագույն խնդրի լուծման արդյունքում տարածաշրջանի երկրները փոխկապակցված կլինեն տրանսպորտային զարկերակներով: Հնարավորություն կստեղծվի տնտեսական կապերի ձևավորման համար, ինչը խաղաղ զարգացման կարևոր նախապայմաններից է:

Ճանապարհների վերաբացման թեման ուսումնասիրելիս, մենք պարզեցինք, որ տարբերակներ կան, որոնք տարածաշրջանային մեկուսացման և թշնամության մթնոլորտի արձանագրման նպատակ ունեն, բայց կան նաեւ այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը եւ թշնամության մթնոլորտի քայլ առ քայլ հաղթահարման միջոց կարող են դառնալ: Մենք հենց այս վերջին տարբերակի կողմնակից ենք»,-ասել է նա:

Ներկայացնելով Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակին և ներկայացնել գոյություն ունեցող խնդիրների լուծման վերաբերյալ հայկական կողմի տեսակետերն ու առաջարկությունները՝ Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ն հետևողականորեն առաջ է տանելու տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելու՝ օրակարգը բոլոր հնարավորությունները օգտագործելով և նոր հնարավորություններ ստեղծելով:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկ է արել։ Նա հավելել էր, որ դա կախված կլինի Երևանի դիրքորոշումից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում։

Նյու Յորքում Էրդողանը հայտարարել է, թե դրական ազդակներ է ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ «Այժմ, այդ դրական ազդակների համատեքստում, մենք որոշ քայլեր կձեռնարկենք»,-ասել է նա՝ խոսելով 5-ի կամ 6-ի հարթակ ստեղծելու գաղափարի մասին: