25 սեպտեմբերի 2021 - 11:36 AMT
Փաշինյան․ Արցախցիների ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառմամբ

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով և հակամարտությունը չի կարող լուծված համարվել ուժի կիրառման արդյունքում։ Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում ունեցած իր տեսաելույթում։

«Աներկբա է, որ ուժի կիրառման միջոցով ստեղծված իրավիճակը միջազգային իրավունքի տեսանկյունից չի կարող լեգիտիմություն ստանալ»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է վերսկսել ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպասում է իր արդարացի կարգավորմանը: Դա են փաստում նաև համանախագահող պետությունների հայտարարությունները, որոնք ընդգծում են հայտնի սկզբունքների հիման վրա բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտությունը»,-ասել է նա:

Վարչապետը հավելել է, որ Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության, որը պետք է հանգեցնի տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատմանը:

«Այս առումով մենք առաջարկում ենք, օր առաջ ավարտին հասցնել ռազմագերիների պատանդների, այլ պահվող անձանց վերադարձի գործընթացը»,-ասել է նա:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հարցին՝ Փաշինյանն ասել է, որ դժվար է պատկերացնել սահմանագծման գործընթացը, այն պայմաններում, երբ գրեթե ամենօրյա պարբերականությամբ հայ-ադրբեջանական սահմանին հնչում են կրակոցներ և տեղի են ունենում տարաբնույթ սադրանքներ, այն պայմաններում, երբ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մայիսի 12-ին Սոտք-Խոզնավար հատվածում ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:

«Այս իրավիճակից դուրս գալու համար մենք առաջարկել ենք հետևյալ գործողությունները. նշված հատվածում թե Հայաստանի, թե Ադրբեջանի զինված ուժերը հայելային ետ են քաշվում Խորհրդային ժամանակներից ժառանգված սահմանագծից, այդ սահմանագծի երկայնքով տեղակայվում են միջազգային դիտորդներ եւ միջազգային հովանու ներքո մեկնարկում ենք սահմանագծման և սահմանազատման աշխատանքները: Մենք այս առաջարկը պատրաստ ենք կյանքի կոչել ցանկացած պահի»,-ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում իր տեսաելույթում չափազանց կարևորել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը։ Նա հայտարարել է, որ այդ համատեքստում եթե գործարկվի նաև Թուրքիան Հայաստանին կապող երկաթուղին, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման շատ ավելի մեծ մասշտաբներ կունենա: