27 սեպտեմբերի 2021 - 10:36 AMT
44-օրյա պատերազմի մեկնարկից 1 տարի է անցել

Մեկ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ՝ Թուրքիայի բացահայտ աջակցությամբ։ Ադրբեջանա-թուրքական զորքերի թիրախում էին ոչ միայն հայկական զորքերն ու ռազմական օբյեկտները, այլև քաղաքացիական շենքերն ու շինությունները, նույնիսկ դպրոցներն ու մանկապարտեզները, ինչպես նաև մշակութային և պատմական կոթողներն ու օբյեկտները։

ժամը 11:00-ին Հայաստանում և Արցախում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների։

Պատերազմը նշանակալի էր ԱԹՍ-ների, նորագույն տեխնիկայի և ծանր հրետանու լայնամասշտաբ ռազմական կիրառմամբ։

Դրա արդյունքում հայկական կողմը մեծաթիվ մարդկային կորուստներ ունեցավ, մեծ են նաև տարածքային կորուստները՝ Ադրբեջանի հսկողությանն անցան ԼՂԻՄ հարակից տարածքները, ինչպես նաև Հադրութն ու Շուշին։

Նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը եռակողմ հայտարարություն ստորագրեցին, ըստ որի՝ հայկական ուժերի հսկողության տակ մնացած Արցախի տարածքում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։

Հայտարարության համաձայն՝ հայկական կողմը ըստ ժամանակացույցի դուրս բերեց զորքերն ու Ադրբեջանին հանձնեց Աղդամի, Քարվաճառի, Քաշաթաղի (Լաչինի) շրջանները, որոնք ադրբեջանական զորքերը չէին գրավել պատերազմական գործողությունների արդյունքում։ Կապը ՀՀ և Արցախի միջև իրականացվում է Լաչինի միջանցքով։

Ադրբեջանը մինչ օրս չի կատարել եռակողմ հայտարարության ամենակարևոր կետերից մեկը՝ գերիների վերադարձը։ Մինչև օրս Ադրբեջանը ՀՀ-ին է հանձնվել գերեվարված ընդհանուր 108 զինծառայող և քաղաքացիական, մի մասին՝ հայկական կողմից տրամադրված ականապատման քարտեզների դիմաց։ Մինչ օրս Բաքուն հրաժարվում է հրապարակել նրանց հստակ թիվն ու գտնվելու վայրը։

Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3781 է։ 2021-ի սեպտեմբերի 27-ի դրությամբ անհետ կորած է 231 զինծառայող և 22 քաղաքացիական անձ։