27 սեպտեմբերի 2021 - 10:57 AMT
Ստեփանակերտում «Արցախն ապրում է» խորագրով ջահերթ է անցկացվել

Սեպտեմբերի 26-ին` ի հիշատակ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված քաջորդիների, Ստեփանակերտում կայացել է «Արցախն ապրում է» խորագրով ջահերթ։

Այն մեկնարկել է Սբ Հակոբ եկեղեցու բակից, որտեղ նախ Տեր Մինաս քահանա Մովսիսյանի ձեռամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել, տեղեկացնում է Արցախպրեսը։

Այնուհետև մասնակիցները ջահերով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր՝ տանելով Արցախի՝ 100 մ երկարությամբ ունեցող դրոշը։ Երթին են միացել «Հայաստան», «Սփյուռք», «Հադրութ», «Շուշի», «Քաշաթաղ», «Շահումյան», «Քարվաճառ» թևերը։

Երթն ամփոփվել է Ստեփանակերտի հուշահամալիրում, որտեղ մասնակիցներին դիմավորել են քահանան, զինվորը և հղի կինը, ովքեր խորհրդանշում են հավատը, ուժը և կյանքը։

2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Նրան բացահայտ աջակցություն էր ցուցաբերում Թուրքիան։ Ադրբեջանա-թուրքական հարվածների թիրախում էին ոչ միայն հայկական զորքերն ու ռազմական օբյեկտները, այլև քաղաքացիական շենքերն ու շինությունները, նույնիսկ դպրոցներն ու մանկապարտեզները, ինչպես նաև մշակութային և պատմական կոթողներն ու օբյեկտները։

27.09.2021թ. դրությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3781 անձ, անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։