27 սեպտեմբերի 2021 - 12:17 AMT
ԵՄ-ն մշտապես հետամուտ է եղել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը և պատրաստ է խթանել նոր շփումները

Եվրամիությունը մշտապես հետամուտ է եղել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ է խթանել նոր շփումները։ Այդ մասին ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության հայտարարության մեջ։

«Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հարգում է զոհվածների հիշատակը, կարեկցում ապրուստի միջոցները կորցրածներին, իսկ պատերազմում վիրավորված բոլոր անձանց մաղթում է լիարժեք ապաքինում։ Մենք ևս մեկ անգամ մեր ցավակցությունն ենք հայտնում այն բոլոր ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին, բարեկամներին, հարևաններին և այլ մերձավորների։ ԵՄ-ն մշտապես հետամուտ է եղել հակամարտության խաղաղ կարգավորմանը։ ԵՄ-ն պատրաստ է խթանել նոր շփումներ, տրամադրել մարդասիրական օգնություն և շարունակել իր աջակցությունը Հայաստանի վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների ուղղությամբ»,-ասվում է հայտարարության մեջ։

2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Նրան բացահայտ աջակցություն էր ցուցաբերում Թուրքիան։ Հարվածների թիրախում էին ոչ միայն հայկական զորքերն ու ռազմական օբյեկտները, այլև քաղաքացիական շենքերն ու շինությունները, նույնիսկ դպրոցներն ու մանկապարտեզները, ինչպես նաև մշակութային և պատմական կոթողներն ու օբյեկտները։

2021թ. սեպտեմբերի 27-ի դրությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3781 անձ, անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։