27 սեպտեմբերի 2021 - 13:32 AMT
Փաշինյանը և Հարությունյանը քննարկել են պատերազմի հետևանքների հաղթահարման աշխատանքների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույցում քննարկել են Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված աշխատանքների ընթացքը:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների Հայրենիք վերադարձի ապահովմանը, անվտանգային խնդիրների լուծմանը, ինչպես նաև Արցախում բնականոն կյանքի ապահովմանը, ենթակառուցվածքների բարելավմանը և բնակարանաշինության ընթացքին:

Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի ու Արցախի կառավարությունները ներդնելու են բոլոր ջանքերը՝ հանուն Արցախի վերածննդի և հետագա զարգացման, ինչը կլինի 44-օրյա պատերազմում զոհված հերոս հայորդիների գործի արժանի շարունակությունը:

2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Նրան բացահայտ աջակցություն էր ցուցաբերում Թուրքիան։ Հարվածների թիրախում էին ոչ միայն հայկական զորքերն ու ռազմական օբյեկտները, այլև քաղաքացիական շենքերն ու շինությունները, նույնիսկ դպրոցներն ու մանկապարտեզները, ինչպես նաև մշակութային և պատմական կոթողներն ու օբյեկտները։

2021թ. սեպտեմբերի 27-ի դրությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3781 անձ, անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։