27 սեպտեմբերի 2021 - 13:45 AMT
ԱՀ ԱԳՆ․ Առաջնահերթություն է Արցախի անկախության միջազգային ճանաչումը և տարածքների դեօկուպացիան

Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթությունները շարունակում են մնալ ԱՀ անկախության միջազգային ճանաչումը, աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը, Արցախի տարածքների դեօկուպացիան, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացի շարունակումը՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ, տարբեր երկրների ու կառույցների հետ հարաբերությունների զարգացումը։ Այդ մասին ասվում է Արցախի դեմ 44-օրյա պատերազմի սանձազերծման տարելիցի կապակցությամբ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

«44 օր տևած ագրեսիայի ընթացքում Ադրբեջանն Արցախի բնակչության դեմ կիրառել է միջազգային կոնվենցիաներով արգելված ոչ ընտրողական զինատեսակներ` մեծ վնաս հասցնելով տնտեսական ու քաղաքացիական ենթակառուցվածքներին և շրջակա միջավայրին։ Պատերազմի հետևանքով հազարավոր մարդկանց կյանքեր են կորսվել, իսկ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն օկուպացվել է։ Հանցավոր եռադաշինքի ագրեսիան հաջողվել է կանգնեցնել միայն տարածաշրջանում ռուսական խաղաղապահ առաքելության տեղակայման շնորհիվ։

Սակայն, անգամ ռազմական գործողությունների դադարեցումից հետո, Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ակնհայտ ագրեսիվ, հայատյաց և զավթողական քաղաքականությունը՝ կոպտորեն խախտելով բոլոր պայմանավորվածությունները, միջազգային իրավունքի նորմերն ու մարդասիրության սկզբունքները։

Առ այսօր Ադրբեջանում անմարդկային պայմաններում պահվում են բազմաթիվ ռազմագերիներ և պատանդներ, որոնք ենթարկվում են կտտանքների և նվաստացուցիչ վերաբերմունքի։

Արցախի օկուպացված տարածքներում համակարգված կերպով իրականացվում է մշակութային ցեղասպանություն, հայկական պատմական ժառանգության ոչնչացում։

Պարբերաբար խախտվում է հրադադարը՝ հոգեբանական ճնշման և ահաբեկման միջոցով Արցախը հայաթափելու նպատակով։ Այսօր, առավել քան երբևէ, հաստատակամ ենք ամրապնդելու և զարգացնելու մեր անկախ և ինքնիշխան պետականությունը և ինքնուրույն որոշելու մեր քաղաքական ապագան՝ բացառելով ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ բոլոր նպատակների արդյունավետ իրականացման գրավականը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը և իրատեսական ու պետականահեն արտաքին քաղաքականության վարումն է։

«Այս վշտալի օրը մենք հպարտանում ենք հայրենիքի պաշտպանների քաջությամբ ու հերոսությամբ և հարգանքի տուրք մատուցում Արցախի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների հիշատակին։ Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը»,-ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ:

2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Նրան բացահայտ աջակցություն էր ցուցաբերում Թուրքիան։ Հարվածների թիրախում էին ոչ միայն հայկական զորքերն ու ռազմական օբյեկտները, այլև քաղաքացիական շենքերն ու շինությունները, նույնիսկ դպրոցներն ու մանկապարտեզները, ինչպես նաև մշակութային և պատմական կոթողներն ու օբյեկտները։

2021թ. սեպտեմբերի 27-ի դրությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3781 անձ, անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։