27 սեպտեմբերի 2021 - 16:56 AMT
ԱԳՆ․ Պատերազմը ծրագրված ագրեսիա էր՝ հայ բնակչության բնաջնջման միջոցով ԼՂ հիմնահարցն օրակարգից հանելու նպատակով

Ադրբեջանի կողմից Թուրքիայի ուղղակի աջակցությամբ և մասնակցությամբ սանձազերծված 44-օրյա պատերազմը նախապես ծրագրված ու նախապատրաստված ռազմական ագրեսիա էր, որի նպատակն էր ուժի կիրառման և հայ բնակչության բնաջնջման միջոցով միջազգային օրակարգից հանել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը։ Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ այդ մասին են վկայում ինչպես պատերազմին նախորդած շրջանում Ադրբեջանի գործողությունները, այնպես էլ՝ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականությունը։

«Ագրեսիայի հետևանքով Արցախի հայության առջև ծառացան բազմաթիվ հումանիտար խնդիրներ․ 90,000-ից ավել արցախահայեր ստիպված եղան լքել իրենց մշտական բնակության վայրերը, որոնց գերակշիռ մասը ներկայումս վերադարձել են Արցախ։ Ավելի քան 40,000 մարդ զրկվել է տնից և ունեցվածքից, ավերվել են կենսական նշանակության ենթակառուցվածքներ, այդ թվում՝ դպրոցներ և հիվանդանոցներ։ Այս առումով ՀՀ-ն մեծապես կարևորում է միջազգային հումանիտար և այլ մասնագիտացված կառույցների անխափան մուտքն Արցախ, ինչն առանցքային նշանակություն ունի պատերազմի արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամի համապարփակ և արդյունավետ լուծման համատեքստում։

Մոտ մեկ տարի անց Ադրբեջանը դեռևս շարունակում է պատանդառության մեջ պահել բազմաթիվ հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց՝ խախտելով ինչպես նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ, այնպես էլ՝ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները։

Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն շարունակում են Արցախի ժողովրդի հանդեպ թշնամական քաղաքականությունը, այլև իրենց վերահսկողության ներքո հայտնված տարածքներում անվանափոխում են հայկական բնակավայրերը, ոչնչացնում ու պղծում են կրոնական սրբավայրերը և մշակութային ժառանգությունը: Այս գործողությունները և հայ բնակչության ամբողջական էթնիկ զտումը ևս մեկ անգամ բացահայտում են այն իրողությունը, որ Արցախի հայերի ֆիզիկակական անվտանգության և կյանքի իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության ներքո»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ ուժի կիրառման և մարդու իրավունքների զանգվածային խախտումների արդյունքում ձևավորված իրողությունները, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կողմից նմանօրինակ շարունակական գործողությունները չեն կարող ստեղծել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության կայուն հիմքեր։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական լուծումը ենթադրում է Արցախի կարգավիճակի որոշումը՝ հաշվի առնելով ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացումը, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց բնակավայրեր՝ Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքում, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը:

ՀՀ-ն հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու և մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք մեկնարկի դիրքերից։ Միևնույն ժամանակ, առաջնահերթ նշանակություն են ստանում հումանիտար խնդիրների հրատապ կարգավորումը, այդ թվում՝ բոլոր ռազմագերիների և քաղաքացիական պանտանդների հայրենադարձումը և բռնի անհետացման դեպքերի հասցեագրումը:

Հայաստանը շարունակելու է հետևողական լինել Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ու պաշտպանության հարցում և ջանքեր գործադրել՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի, համապարփակ ու տևական լուծման և երաշխավորելու իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու արցախահայության իրավունքը։

2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Նրան բացահայտ աջակցություն էր ցուցաբերում Թուրքիան։ Հարվածների թիրախում էին ոչ միայն հայկական զորքերն ու ռազմական օբյեկտները, այլև քաղաքացիական շենքերն ու շինությունները, նույնիսկ դպրոցներն ու մանկապարտեզները, ինչպես նաև մշակութային և պատմական կոթողներն ու օբյեկտները։

2021թ. սեպտեմբերի 27-ի դրությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3781 անձ, անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։