21 մարտի 2009 - 20:42 AMT
Ընթացիկ տարվա առաջին ամիսները ծանր էին Հայաստանի տնտեսության համար
2009 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի ՀՆԱ-ի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 3.7 տոկոսով` կազմելով 282 մլրդ դրամ: Այդ մասին նշվում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրության մեջ:

Նման անկումն արդյունաբերության ծավալների 9.7 տոկոսով, ինչպես նաեւ շինարարության ծավալների 1.5 տոկոսով կրճատման արդյունք է դարձել: Միեւնույն ժամանակ, մի շարք ոլորտներում արձանագրվել է որոշակի աճ. գյուղատնտեսության ոլորտում` 0.1 տոկոս, ծառայությունների ոլորտում` 2 տոկոս, մանրածախ առեւտրում` 5 տոկոս:

Դրա հետ մեկտեղ, արտաքին առեւտրի շրջանառության ցուցանիշը կրճատվել է 26.2 տոկոսով եւ կազմել է 506 մլն դոլար: Այդ թվում, արտահանությունը կրճատվել է 44.8 տոկոսով, իսկ ներմուծումը` 21.2 տոկոսով:

Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն աճել է 4.6 տոկոսով եւ կազմել 75.7 հազար մարդ: Միջին անվանական աշխատավարձը կազմել է 94.7 հազար դրամ, ինչը 13.5 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ցուցանիշից:

2009 թվականի փետրվարին սղաճի մակարդակը կազմել է 0,7 տոկոս: