23 մարտի 2009 - 16:44 AMT
Թուրքիան պատրաստ է աջակցել Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերմանը
Անկարան կարող է տրամադրել Թուրքիայի հարավում գտնվող Ինջրիլիկ օդակայանը ոչ միայն Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման, այլեւ ԱՄՆ ԶՈՒ զենքի փոխադրման համար: Այդ մասին Today's Zaman թուրքական թերթին է հաղորդել Թուրքիայի կառավարության աղբյուրը, որը ցանկացել է անհայտ մնալ:

«Անկարան պետք է պատրաստ լինի Վաշինգտոնի հետ խոսելու ինչպես ամերիկյան զորքերի դուրսբերման, այնպես էլ Թուրքիայի տարածքով զենքի տեղափոխման մասին»,- հայտնել է աղբյուրը` ավելացնելով, որ դա չի նշանակում, որ Թուրքիան պետք է ընդառաջ գնա ԱՄՆ բոլոր պահանջներին:

Վերջերս ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հայտնել էր, որ ամերիկյան զորքերի հիմնական մասը Իրաքը կլքի 2010թ. օգոստոսին: Մոտավորապես 35 հազար ամերիկյան զինվորներ կմնան Իրաքում, որպեսզի ապահովեն քաղաքացիների պաշտպանությունն ու մասնակցեն ահաբեկչության դեմ պայքարին: