6 հոկտեմբերի 2021 - 14:13 AMT
ՄԻՊ-ը Վատիկանի պետքարտուղարին է ներկայացրել Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների մասին զեկույցները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ հանդիպմանը։

Արման Թաթոյանը Վատիկանի պետքարտուղարին է փոխանցել 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերաբերյալ իր զեկույցները, հիմնավոր ապացույցներ։

ՄԻՊ-ն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը՝ շեշտելով, որ կոպիտ ոտնահարված են միջազգային պահանջները և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով։

Արման Թաթոյանն անդրադարձել է նաև պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջև ճանապարհներին, ինչը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը, իսկ Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների պատճառով առավել ևս տեղի են ունենում սահմանային բնակիչների կենդանիների գողություններ, սպառնալիքներ քաղաքացիական անձանց նկատմամբ, կրակոցներ և այլ հանցավոր արարքներ։

Հանդիպմանը Ամենայն Հայոց կաթողիկոսից բացի մասնակցել են նաև Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Տեր Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանը, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։